Հետադարձ կապ

    Ես Արմանի մոտ նկատում եմ զգալի փոփոխություններ: Նա դարձել է ավելի ինքնուրույն և ավելի վստահ: Հաճույքով հաճախում է մանկական կենտրոն: Շատ ցանկալի կլինի, որ օրվա ժամերը երկարեն և շաբաթական մի քանի օր լինեն: Կուզենայինք, որ պարապմունքները շարունակվեին: Շնորհակալություն:

Ծնող` Աստղիկ

    Ես Էդմոնդի մոտ նկատում եմ զգալի փոփոխություններ: Նա ավելի շատ շփվող է դարձել: Հաճույքով է հաճախում: Ունի օրվա ռեժիմ: Մեր ցանկությունն է, որ շաբաթվա օրերը ավելի շատ լինեն և ժամերը ավելի երկար: Շատ լավ նախաձեռնություն է երեխաների համար: Շատ շնորհակալություն անձնակազմի բոլոր անդամներին ջերմ, ուշադիր և սրտացավ վերաբերմունքի համար: Կցանկանայի, որ ծնողների հետ սեմինարները հաճախ լինեն:

Ծնող` Մարիամ

    Ես Շահենչիկիս մոտ փոփոխություն եմ զգում: Նա դարձել է ավելի ակտիվ և ավելի ճարպիկ: Հասկանում է ավելին, քան առաջ: Ես շատ շնորհակալ եմ այն ամեն ինչից, ինչ դուք անում եք մեր երեխաների համար: Ճիշտ է ավելի ցանկալի կլինի, եթե օրերը ավելին լինեն, և ցանկալի կլինի, որ թերապիստները աշխատեն ավելի երկար, լինեն լոգոպեդ և հոգեբան:

Ձեզ հարգող ծնող

    Մենք` Բարուշյան Անահիտի ծնողներս, բավականին ուրախ ենք մեր երեխայի հաջողությունների և առաջընթացի համար, որը այս կենտրոնի և այս նախագծի արդյունքն է և մանկապարտեզի անմիջական աշխատակից-մասնագետների մասնագիտական մոտեցման շնորհիվ է: Շնորհակալություն բոլորից աջակցության համար: Անահիտի մոտ բավականին նկատելի է դարձել նրա կենտրոնանալու և խմբակային խաղերին մասնակցելու կարողությունը և արտահայտվելու այն մասին, ինչ որ իրեն պետք է: Լավ կլիներ, որ շարունակվեր այս ծրագիրը, սեմինարները, որպեսզի մենք էլ կարողանայինք փորձ ձեռք բերել հետագայում ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար մեր երեխաներին` օգնելով իրենց կյանքում առաջ գնալ որպես նորմալ մարդիկ:

Ծնողներ` Կարապետ և Աննա

    Մենք շատ ուրախ ենք, որ բացվել է այս կենտրոնը: Իմ երեխան մեծ հաճույքով է աշխատում, և ես շատ ուրախ եմ, որ ինքը շփվում է երեխաների հետ: Ես կցանկանայի, որ այս ծրագիրը շարունակվի գոնե վեց ամիս:

Ծնող` Հերմինե

    Ես Մելինե Մանուկյանի մայրն եմ, երբ առաջին անգամ երեխայիս բերեցի մանկապարտեզ օր օրի տեսա, որ նրա մոտ բավականին փոփոխություններ կան: Երեխաս սկսեց խաղալիքների նկատմամբ ուշադրություն դարձնել, շփվել երեխաների հետ, անգամ նա մնում է մենակ, այսինքն առանց ինձ: Շատ ցանկալի կլինի, որ երեխաները հաճախեն շաբաթական մի քանի օր և ժամերը ավելանար, որովհետև շատ մեծ փոփոխություններ եմ տեսնում նրա մոտ: Շատ ցանկալի կլիներ նաև, որ այսպիսի մանկապարտեզ լիներ նաև էջմիածին քաղաքում: Այսօր իմ աղջիկը հաճույքով է գալիս մանկապարտեզ: Դրա համար կցանկանայի երկարացնել ամիսները, միևնույն ժամանակ լինեին մասնագետներ, լոգոպեդ, թերապիստ և հոգեբան: Շնորհակալություն նման կազմակերպություն կազմակերպելու համար, որը շատ օգտակար է մեր երեխաների համար:

Ծնող` Ռուզաննա Մանուկյան

    Ես Ավետիսյան Հայկի մայրիկն եմ: Իմ տղան մինչև մանկապարտեզ գալը չէր սիրում խաղալ, շփվել մարդկանց հետ, բայց հիմա շատ փոփոխություն կա: Իմ տղան հաճույքով է գալիս, որովհետև այստեղ շատ լան վերաբերվում և շատ սիրում են, իսկ երեխան ավելի շուտ է դա զգում: Ես շատ կցանկանայի, որ մեր քաղաքում` Էջմիածնում, նույնպես բացվեր այսպիսի մի տեղ, որտեղ մեր երեխաների նման երեխաները կարողանային հաճախել:

Ծնող` Մետաքսյա Սիմոնյան

    Ես Անգելինա Ալեքսանյանի մայրիկն եմ: Երբ առաջին անգամ երեխայիս բերեցի մանկապարտեզ, ես զգացի, որ նրա համար մի նոր աշխարհ բացվեց: Անգելինաս առանց ինձ չէր այցելում, բայց հիմա անսահման շատ է սիրում իր մանկապարտեզը, և դա, իհարկե, գալիս է մանկավարժական կոլեկտիվից, ես ինքս շատ գոհ եմ մեր մանկավարժներից, նրանք շատ սիրով են աշխատում մեր բալիկների հետ:
Սիրելի տնօրեն,
Մեր բոլոր ծնողների անունից, շատ-շատ եմ խնդրում, որ մանկապարտեզի օրերը և ժամերը շատ լինեն, իհարկե դա մեր երեխաների ցանկությամբ ենք ուզում, որովհետև շատ մեծ փոփոխություններ ենք զգում, նրանց մտավոր զարգացվածության, ֆիզիկական իրավիճակի և խելացի մտքեր արտահայտելուց:
Շատ-շատ շնորհակալ կլինենք, եթե մեր խնդրանքը իրականանա:

Ծնող` Մարինա Ալեքսանյան

    Ես Շահինյան Հենրիի մայրիկն եմ: Ես շատ ուրախ եմ, որ իմ բալիկին ընձեռվեց նման հնարավորություն մասնակցել այս ծրագրին: Ես շատ կցանկանայի, որ այս ծրագիրը շարունակական լիներ, որովհետև համոզված եմ, որ այն իմ երեխային շատ մեծ արդյունք կտա: Ես շատ կցանկանայի, որ իմ երեխայի մոտ շեշտ դրվի ֆիզիկականի վրա: Մի խնդրանք նույնպես ունեմ, քանի որ այստեղ չկա ՄՈՒԿ-ով երեխաների համար նախատեսված սարքավորումներ, միգուցե մեզ աջակցեք ձեռք բերել դրանցից, իմ տղայի դեպքում, ով քայլող չի և շատ ծանրաքաշ է, ես կցանկանայի ձեռք բերել մանկասայլակ զբոսանքի համար` նախատեսված հենց այսպիսի խնդիր ունեցող երեխաների համար: Հենրին մեծ հաճույքով հաճախում է և իրեն շատ բավարարված է զգում: Շատ շնորհակալ ենք մանկավարժներից և ծրագրի կազմակերպիչներից: Նախապես հայտնում եմ խորին շնորհակալությունս:

Ծնող` Ռուզաննա Շահինյան

    Ես Անտոնյան Արամի մայրիկն եմ: Արամը հաճախակի այցելում է վերականգնողական կենտրոններ և ստանում է համապատասխան բուժման կուրսեր: Նա նաև հաճախել է տեղի ինտեգրացիոն մանկապարտեզը: Բայց ոչ մի անգամ Արամիկը առանց իմ ներկայության չի կարողացել մնալ: Ես անչափ շնորհակալ եմ Ձեր մանկապարտեզի ողջ անձնակազմից հոգատար վերաբերմունքի համար: Մի քանի օր է, որ Արամիկը հաճախում է Ձեզ մոտ, և այդ կարճ ժամանակահատվածում զգալի փոփոխություններ եմ նկատել: Տանը Արամը խաղում է խաղալիքներով, հեռուստացույց է դիտում, իսկ առաջ նա շատ քիչ էր կենտրոնանում: Արամիկը ֆիզիկական պրոբլեմ չունի, նրա մոտ ավելի շատ մտավոր հետամնացության խնդիր կա: Ինձ թվում է, որ այս մանկապարտեզում իմ տղան առաջխաղացման և զարգացման շատ աճելու տեղ կունենա: Խնդրում եմ երկարացնել պարապմունքների ժամանակահատվածը և եթե կարելի է լոգոպեդի պարապմունքով լրացնել դասընթացը: Երախտապարտ եմ Ձեր ամբողջ անձնակազմին ու տնօրինությանը: Դուք մեր բալիկների միակ հույսն եք:

Ծնող` Լուիզա Օսեյան